Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Անկարողությունը վերնախավինն է, ոչ թե ժողովրդինը

Անկարողությունը վերնախավինն է, ոչ թե ժողովրդինը
06.09.2024 | 08:03

Մեր ներկա կատաստրոֆիկ վիճակում գտնվելու պատճառների անալիզը և այդ վիճակից դուրս գալու ուղիների փնտրտուքը կատարվում է տարերային, սիրողական մեթոդներով, այնինչ, նման բանը հնարավոր է լրջորեն իրականացնել միայն պրոֆեսիոնալ գիտական մոտեցումներով։

Նույն սիրողական մոտեցումը նման գոյաբանական պրոբլեմին այլ լուծում չի գտել, քան վիճակի ամբողջ մեղքը բարդել մեր ժողովրդի վրա, որպես մեկը, որն իվիճակի չէ լուծելու իր պրոբլեմները։

Մյուս կողմից էլ, կան ուրիշների կողմից արտահայտված բազմաթիվ կարծիքներ մեր ժողովրդի դրական հատկությունների մասին՝ ներառյալ նրա ապրելու կամքը, ստեղծագործ լինելը, ընդհուպ մինչև դարերի ընթացքում մեր տարածաշրջանում կուլտուրական առաջնորդի դեր ունենալը և այլն։

Միայն Մեսրոպ Մաշտոցի կողմից հարևան ժողովուրդներին գրով ապահովելու փաստը բավական է պատկերացնելու համար, թե ինչ խոր իմաստ ունի այս դեպքում կուլտուրական առաջնորդ լինելու հանգամանքը։

Կորյունը այնքան մանրամասնորեն է նկարագրել Մեսրոպ Մաշտոցի կողմից գրերի ստեղծման և տարածման պրոցեսը, որ այս հարցում հակառակ կարծիքները պարզապես պարզունակ դեմագոգիայի են նման։

Չունենալով սեփական պետականություն՝ հայ ժողովուրդն իր առևտրատնտեսական ու ֆինանսական տաղանդներով պատմության մեջ հայտնի է եղել որպես հարևան մեծ կայսրությունների հարստացման և հզորացման աղբյուր, լինի դա Պարսկաստանը, Օսմանյան կայսրությունը, թե Ռուսական կայսրությունը։

Նույն վիճակը հիմա է, երբ աշխարհի ամենատարբեր անկյուններում ունենք առաջնակարգ մասնագետների՝ բիզնեսմենների, գիտնականների, ինժեներների, քաղաքական ու արվեստի գործիչների մի ահռելի թիվ և պոտենցիալ հենարան Հայաստանի համար և մյուս կողմից էլ գավառական մտածելակերպով կաշկանդված Հայաստան։

Եվ այդ կաշկանդվածության մեջ հասարակ ժողովուրդը ունի շատ հասարակ դերակատարում, նա կապ չունի դրա հետ, քանի որ երկրի ներքին քաղաքականության ոլորտը համարյա ամբողջությամբ գտնվում է մեծ քաղաքականության մեջ փորձ ու ինֆորմացիա չունեցող և գավառական մտածողությամբ պառակտված վերնախավի ձեռքին։

Նույն գավառական մտածողություն ունեցող վերնախավի հիմնական մտահոգություններից մեկը անկախության տարիներին եղել է Սփյուռքի լուրջ ուժերի մուտքը դեպի Հայաստան արգելափակելը՝ ելնելով իշխանությունը և դիրքը կորցնելու վախից։

Հարց՝ որևէ փոքր ժողովրդի համար ինչպե՞ս կարելի է պատկերացնել դասական կատաստրոֆիկ վիճակ և ինչպե՞ս կարելի է, անփորձ լինելով, արհեստականորեն ստեղծել նման վիճակ։

Առաջինը՝ ամենավերին սիստեմային մակարդակում դա հզոր դաշնակցի շահերին դեմ գնալն է, թեկուզ մասնակի, իսկ ծայրահեղ դեպքում՝ նրան դավաճանելը։

Երկրորդը՝ նույն սիստեմային մակարդակում հզոր և բազմափորձ թշնամիների հետ ինքնուրույն խաղերի մեջ մտնելը՝ չհասկանալով, որ նման խաղերը կարող են իմաստ ունենալ միայն այն դեպքում, երբ հակամարտող հզորությունները մոտավորապես նույն կարգի են։

Պետք չէ ժողովրդի անկարողության մասին առասպելը այսպես փութաջանորեն տարածել, այն իսկապես կարող է բերել անդառնալի մեծ վնասների, մանավանդ, որ այդ անկարողությունը վերնախավինն է, ոչ թե ժողովրդինը, որը բուն հայկականությունը իր մեջ կրող կորիզն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2943

Մեկնաբանություններ